Կարոտ

Դպրոցում, 3րդ դասարանում, մի պատմվածք էինք անցնում, որտեղ պապ ու թոռ խոսում են կարոտից. թե ինչ է կարոտը, արդյո՞ք լավ կլիներ, եթե կարոտը չլիներ: Բայց պապը բացատրում է թոռանը, որ իրականում կարոտը անհրաժեշտ է մարդուն: Այն ստիպում է,որ  չմոռանաս ու հիշես այն մարդկանց, ում սիրում ես:

     Այս պատմվածքը կարդալուց հետո, ես էլ իմ մանկական միամտությամբ ցանկանում էի կարոտել ինչ-որ մեկին, պարզապես զգալ այդ կարոտ կոչվածը: Երբեմն նստում և մտածում էի այն մարդկանց մասին ում սիրում էի ու փորձում էի հասկանալ, արդյոք ես նրանց կարոտում եմ, թե ոչ: Ու շատ էի ամաչում ինքս ինձանից, երբ հասկանում էի, որ ոչ՝ կարոտ չեմ զգում: Եթե չեմ կարոտում, ուրեմն չե՞մ սիրում:

  Հիմա գիտեմ, որ այն ժամանակ կարոտը կար, բայց իրեն զգացնել չէր տալիս, քանի որ բոլոր նրանք, ում իրոք շատ էի սիրում, իմ կողքին էին: Ու, որ իմ սերն այնքան մեծ էր ու շատ, և ամենևին էլ պարտադիր չէր նրանց կարոտել, որ զգայի՝ սիրում եմ իրենց:

   Իսկ հիմա…հիմա ես կարոտում եմ: Ու իմ կարոտն անուն ունի՝ ՊԱՊԱ….

   Դա նման չի այն կարոտին, որ ես տածում եմ մորս, քույրերիս, և նույնիսկ իմ սիրելի մարդու հանդեպ: Այս կարոտն այլ է: Այն խեղդված է սրտումս… Այն չի աղմկում, չի գոռում, որ կա: Այն լուռ ու անձայն ապրում է իմ ներսում: Այն գիտի, որ նա ում կարոտում եմ այլևս չի գա, չի վերադառնա, ես նրան այլևս չեմ տեսնի: Այս կարոտը գիտի, որ ինքը սնվում է այն հուշերով և այն պահերով, որոնք միշտ վառ են, ու առանձնահատուկ զգուշությամբ են պահվում ու փայփայվում: Այս կարոտը ամենասուրբն է ինձ համար:

   Նրա մեջ են ամփոփվում իմ մանկության և պատանեկության վառ հուշերը և հորս հանդեպ ունեցած իմ սերը, և հոր ու դստեր միջև եղած այն յուրահատուկ փոխհարաբերություները, որոնք անհասկանալի ու նախանձելի էին նրանց համար, ովքեր դա չէին հասկանում:

…..Ցավոք, ես հիմա իսկապես գիտեմ, թե ինչպիսին է լինում իրական կարոտը….

Advertisements